Հոկտեմբերի 12-16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը: Այն կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը: Համաժողովն ընթանում էր «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» կարգախոսի ներքո:
Համաժողովին մասնակցում էր հայաստանցի, սփյուռքահայ և արցախցի շուրջ 200 լրագրող` աշխարհի 26 երկրից:
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով և հետագա աշխատանքներն ուղղորդող ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա ընդգծեց մի քանի հանգուցային կետեր, որոնց շուրջ պիտի ծավալվեին լրագրողների զեկույցները, ելույթները, քննարկումները և հետագա հրապարակումները. Արցախի քաղաքական կարգավիճակի հստակեցում, ցեղասպանության ճանաչում, շրջափակմանը և ադրբեջանական հակաքարոզչական գործունեությանն առնչվող խնդիրներ, սփյուռքապահպանության առաջնահերթություն, լրատվական դաշտի հզորացում: Նա կարևորեց այն փաստը, որ լրագրողների համաժողովը տեղի է ունենում ազատագրված Արցախում: «Հարգարժան լրագրողներ, ես վստահ եմ, որ դուք այս սուրբ հողից ուժ եք առնելու, գոտեպնդվելու եք, նոր լիցք եք ստանալու, ունենալու եք նոր մտահղացումներ, որպեսզի տեղեկատվական պատերազմում Արցախի նման հաղթանակներ տոնենք»,- ասաց նախարարը:
Համաժողովի բացմանն իր օրհնությունը բերեց Արցախի թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆԸ` փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը: Նա հիշատակեց Հովհաննես Ավետարանչի` «Ի սկզբանե խոսքն էր» հանրահայտ ճշմարտությունը և նկատեց, որ վերջին տարիներին այն առավել կարևորվում է մեզ համար, որովհետև մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի պայմաններում: Նշեց, որ այս պատերազմում մենամարտում են կեղծիքն ու ճշմարտությունը, և մենք ազգովին անընդհատ հայտնվում ենք դրանց խաչմերուկում, իսկ լրագրողները` «առաջին խրամատում»: Այս իմաստով համաժողովը կոչված է բարձրացնելու մեր մարտունակությունը, և սրբազան հայրը մեզ` «տեսանելի և անտեսանելի պատերազմի զինվորներիս», մաղթեց մեր ճշմարտությունն աշխարհին արժանիորեն մատուցելու անհրաժեշտ կարողություն:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ խոսքում ընդգծվեց հայ ժողովրդի դարավոր երազանքն իրականացնելու հարցում լրագրողի ունեցած դերը:
Համաժողովականներին ողջունեց ԼՂՀ նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ. «Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման, հզորացման, աշխարհով մեկ սփռված համայն հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է… Հուսով եմ, որ համաժողովի քննարկումներն օգտակար կլինեն` միասնական լրատվական ճակատն ուժեղացնելու, առկա բացերը շտկելու, հակառակորդի` կեղծիքների վրա հիմնված քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակման տեսակետից»: Համաժողովի օրերին նա նաև իր նստավայրում ընդունեց և պարգևների արժանացրեց հայաստանցի ու սփյուռքահայ որոշ լրագրողների:
Համաժողովի ընթացքում սփյուռքի նախարարի մատնանշած մարտահրավերները, որոնք վերաբերում էին համայն մարդկությանը, ողջ աշխարհին ու նաև Հայաստանին, հետևյալներն էին` ահաբեկչություն, պատերազմներ, երկրագնդի գլոբալ տաքացում, բնական աղետներ, բնակչության տեղաշարժ, աղքատություն և այլն: Այս համատեքստում մեզ` հայերիս համար ևս մեկ անգամ ընդգծվեցին Արցախի քաղաքական կարգավիճակի, պատերազմի սպառնալիքի, շրջափակման, ներքաղաքական խմորումների, երկրի ժողովրդավարացման, կոռուպցիայի, աղքատության, սփյուռքի ուծացման, օրավուր առավելացող խառնամուսնությունների խնդիրները, որոնց լուծման մեջ մեծ է ոչ միայն պետության, այլև չորրորդ իշխանության` աշխարհում գոյություն ունեցող շուրջ 200 հայկական լրատվամիջոցների դերը: «Այսօր հայ մամուլը հերոսություն է կատարում սփյուռքում,- ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը,- և մենք հասկանում ենք, թե որքան ծանր է նրանց բեռը, որքան մեծ է նրանց պատասխանատվությունը, որքան կարևոր է նրանց առաքելությունը»:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վաստակավոր լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Ազդարար» մրցանակի առաջին մրցանակակիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆՆ իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր և իշխանամետ լրատվամիջոցների որդեգրած ոչ ողջունելի աշխատաոճին և կոչ արեց բոլորին համախմբվել մեկ ընդհանուր` համահայկական ցավոտ խնդիրների լուծման նպատակի շուրջ:
Համաժողովի մասնակիցներին իր ընդարձակ ելույթով ոգեշնչեց ԼՂՀ պաշտպանության նախարար ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ում հաղորդած կոնկրետ փաստերն ու թվերը, բնականաբար, ենթակա չեն հրապարակման` ելնելով մեր ժողովրդի ու պետության անվտանգության շահերից: Սակայն մեզ համակած հպարտությունն ու ինքնավստահությունն ընթերցողին փոխանցելու համար մեջբերենք նրա խոսքից մի փոքր հատված. «Ադրբեջանի սպառազինումը մտահոգիչ է, բայց կատաստրոֆիկ չէ: Մեր ռազմատեխնիկայի սպառազինումն ընթանում է նորմալ հունով: Եթե վերսկսվի պատերազմը, ապա մենք պատերազմելու ենք ոչ թե մեր բնօրրանում, այլ այնտեղ, որտեղ մեզ համար հարմար կլինի»:
Նույնքան ինքնավստահ և անկոտրում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Իր խոսքում նա նշեց, որ Ղարաբաղի ազատագրումն սկսվել է ոչ թե մեր ժամանակներում, այլ 387 թվականին, և Ղարաբաղը միշտ էլ ունեցել է պետականություն` այս կամ այն ձևով: Նա երախտագիտություն հայտնեց ի սպաս Արցախի շահերի գործող հայ լրագրողներին և դժգոհեց հայաստանյան այն լրատվամիջոցներից, որոնք տարածում են հակահայկական, հակաղարաբաղյան բովանդակության ապատեղեկություն: Իր ելույթով Մարսել Պետրոսյանին հակադրվեց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԸ, ում հետ մեր ճեպազրույցը կտպագրենք «Իրատես de facto»-ի հաջորդ համարում:
Հայ լրագրողներին իր նստավայրում ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ: Նա իր խոսքում նկատեց, որ Ադրբեջանի հետ դեռևս շարունակվում է պատերազմը տնտեսական, քաղաքական, լրատվական ոլորտներում, և այդ ճակատներում հաղթելու հարցում մեծ է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի տեղեկատվական հնարավորությունները համախմբելու անհրաժեշտությունը: Նա խորհուրդ տվեց լրագրողներին իրենց հրապարակումներում ճիշտ ընտրություն կատարել հուզականության և գործնականության միջև` նախապատվությունը տալով վերջինին: Այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան, արդյո՞ք Հայաստանի հետ իբրև մեկ ընդհանուր միավոր կազմելու տարբերակով, ԼՂՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Արցախի համար իբրև առանձին միավոր ճանաչվելու և միջազգային ատյաններում հայկական երկրորդ ձայն դառնալու հեռանկարն ինքն ավելի է գերադասում, քան Հայաստանի Հանրապետության հետ մեկ ընդհանուր միավոր դառնալու հավանականությունը:
Համաժողովի սահմաններն է՛լ ավելի ընդարձակվեցին շնորհիվ աշխատանքային օրերին կազմակերպված հեռուստակամուրջների: Արցախում հավաքված լրագրողներս հնարավորություն ունեցանք շփվելու ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քուվեյթից, Լիբանանից մեզ հետ կապ հաստատած մեր հայրենակից գործընկերների հետ:
Չենք մանրամասնում համաժողովում հնչած բոլոր ելույթներն ու հարցադրումները, մանավանդ որ դրանք անհնար է զետեղել մեկ հրապարակման շրջանակներում, պարզապես ցանկանում ենք առավել ընդհանուր գծերով տարանջատել դրանք: Սփյուռքի ներկայացուցիչների խոսքում գերակշռող էին հուզականությունն ու ցավագին արձագանքը ցեղասպանության թեմային (թերևս, իր օգտաշատ պրագմատիզմով առանձնանում էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ, «Իմաքս Հիլթ» լրատվական կայքէջի հրատարակիչ և խմբագիր ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԸ կամ «Google»-ի Արմենը, ինչպես նրան որակել էին համաժողովի մասնակիցները), Ջավախքի ներկայացուցիչներին մտահոգում էր վրացական իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների և դրանց անցանկալի զարգացումների հեռանկարը, Արցախի ներկայացուցիչները դրսևորում էին նախանձելի կամք, հաղթական ոգի և վճռականություն, իսկ հայաստանյան մամուլի դիմագիրն այս ամենի յուրատեսակ սինթեզն էր և բազմաշերտ ամփոփագիրը:
Համաժողովի արդյունքներն ամփոփող իր ելույթում Հրանուշ Հակոբյանը, դիմելով մասնակիցներին, իր բնորոշմամբ` «խոսքի թագավորության վեհապետերին», նշեց, որ Արցախում հավաքված 200 հոգին կդառնա այն հիմնարար ներուժը, որոնք տեղերում կշարունակեն այստեղ սկիզբ առած գործը: Նա նկատեց, որ համաժողովը դարձավ պատմություն, և չարենցյան «ոգու հերկի» տեր ու ժառանգորդ լրագրողները պիտի դառնան այդ պատմության կրողներն ու իրենց գրչով լծվեն համահայկական խնդիրների հնչեղ լուսաբանմանը: Նա խոսեց ՀՀ սփյուռքի նախարարության երկամյա գործունեության մասին, ընդգծեց խառնամուսնություններից ծնված երեխաների մեջ հայկականությունն արթուն պահելու անհրաժեշտությունը, հորդորեց ուշադրության դաշտում պահել արևմտահայերենի ուսուցման գործընթացը, տեղեկատվության անվտանգության, էլեկտրոնային մամուլի օգտագործման խնդիրները: Նախարարը հայտարարեց սփյուռքը միջազգայնացնելու հեռանկարի մասին, կարևորեց սփյուռքում լրագրողական երիտասարդ սերնդի ձևավորման խնդիրը, որը կիրականացվի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ: Խոսվեց տեղեկատվության ստեղծման և համացանցի միջոցով դրա ակտիվ փոխանակման անհրաժեշտության մասին, ԶԼՄ-ների կողմից երկքաղաքացիությունը խրախուսող քարոզչության ծավալման, սփյուռքահայ կայացած բիզնեսմենների, հայրենիքում սեփական գործն ունեցող և շահույթ ստացող հայերի օրինակը սփյուռքահայերի շրջանում տարածելու կարևորության մասին: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ տարեկան մոտ հարյուր հոգի վերադառնում և մշտական բնակություն է հաստատում հայրենիքում, իսկ այս փաստն անպայման արժանի է հրապարակման: Տագնապ հնչեցրեց հայկական ազգանվան «յան» մասնիկի և հայկական անունների կորստի առնչությամբ` կարևորելով սեփական տոհմածառը գծելու և ճանաչելու, դրանով իսկ այդ տոհմածառին վերադառնալու հանգամանքը: Մյուս կարևոր թիրախը, ըստ նախարարի, զբոսաշրջությունն է, որը ոչ միայն կկապի հայրենիքն ու սփյուռքը, այլև կդառնա փոխշահավետ գործարք Հայաստանի և սփյուռքի միջև: Ընդգծվեց համախմբված աշխատանքի անհրաժեշտությունը, օտար մամուլում աշխատող հայ լրագրողներին մեր աշխատանքներում ընդգրկելու, օտար մամուլում արվող հրապարակումներին հետևելու և դրանց հեղինակներին Հայաստան բերելու ու ճշմարտությունը նրանց շուրթերով ներկայացնելու հանգամանքը: Խոսվեց նաև ընթերցանությունից օտարվելու անժխտելի փաստի մասին, որը ստեղծում է խտասկավառակների, պատկերների լեզվով մեր ազգային խնդիրները ներկայացնելու հրամայականը, և որին հետամուտ է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Համաժողովի աշխատանքներն ամփոփվեցին լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հայտարարության տեքստում:
ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից համաժողովի մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ, պատվոգրեր և շնորհակալագրեր:
Առիթ ունեցանք ունկնդրելու նաև արցախցի երաժիշտների բարձրարվեստ կատարումները և մեկ անգամ ևս համոզվելու, որ նաև մշակույթով կարող ենք հաղթել:
Համաժողովի մասնակիցներս եղանք Տաթևի վանքահամալիրում, Ստեփանակերտի` արցախյան պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրում, Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցում, Գանձասարում, Տիգրանակերտում: Ականատես դարձանք հայոց բանակի տանկային գումարտակի զորավարժություններին և լցվեցինք հպարտության ու ապահովության հաճելի զգացումներով: Վերադարձին այցելեցինք Գորիս, մասնակցեցինք քաղաքի ծննդյան տարեդարձին նվիրված տոնակատարությանը, արժանացանք ջերմ ու հաճելի հյուրընկալության: Ինձ և մի քանի գործընկերներիս հյուրընկալողը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի «Արդշինինվեստբանկի» կառավարիչ ԱՐԱՐԱՏ ՍՈՒՋՈՅԱՆՆ էր, որը ոչ միայն դիմավորեց մեզ աղ ու հացով, այլև պատվեց իր սրտառուչ երգով և ակորդեոնի նվագով: Մինչ մենք վայելում էինք հայկական անմիջական խոսք-զրույց-հյուրասիրությունը, սփյուռքահայ և որոշ հայաստանցի լրագրողներ մասնակցում էին ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ հանդիպմանը: Վերադարձի ճանապարհին ևս մեկ հաճելի հանգրվան էր չքնաղ Նորավանքը, որի հոյակերտ կամարների ներքո կարծես մոռացության տրվեց մեր երկարատև ուղևորության պատճառած հոգնությունը:
Ի տարբերություն ինձ, որ ներկայացնում էի «Իրատես de facto»-ն` իբրև գործող լրագրող, և զբաղված էի բացառապես համաժողովյան անցուդարձերն արձանագրելու և հետագայում մեր ընթերցողին ներկայացնելու աշխատատար գործով, համաժողովին իբրև պատվիրակ մասնակցող իմ գործընկեր ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆԸ բարձր պահեց թերթի պատիվը` ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանին և համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված իր հետաքրքիր հարցադրումներով և աշխույժ ու գեղեցիկ պարով, որի համար արժանացավ խորհրդանշական մրցանակի:
Անպայման ցանկանում եմ ընդգծել, որ ուղևորության ողջ ընթացքում մենք խորագույն հարգանքով և հիացմունքով էինք լցված ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԹԵՎՈՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հանդեպ` նրա մարդկային և կազմակերպչական բարձր որակների համար: Եվ մեզ շատ հանգիստ ու ապահով էինք զգում, քանի որ Երևանից Ստեփանակերտ և հետադարձ ճանապարհին մեր ավտոբուսի ղեկը բարձրակարգ վարորդ Սեյրան Մուրադյանի ձեռքերում էր:
Հ. Գ.- Հաջորդիվ կտպագրվեն ճեպազրույցներ ՀՀ սփյուռքի նախարարի և համաժողովի մասնակիցների հետ: «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո կներկայացնենք ԼՂՀ մշակույթի նախարար ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԻՆ և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր ԴՈՆԱՐԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ